Նկարահանումը՝ կրթահամալիրի <<Սեբաստացի>> TV-ի։
Նկարահանումը՝ կրթահամալիրի <<Սեբաստացի>> TV-ի։
Քաշը՝ 5700գր
Հասակը՝ 60սմ
Հունվար 23
Հունվար 24
ԲնութագիրՎերջին տարիներին տարբեր մշակույթների ազդեցության տակ կնունք և մկրտություն եզրույթները հաճախ նույնացվում են: Սակայն եթե անդրադառնանք դրանց պատմական արմատներին, կտեսնենք, որ կան բավականին մեծ տարբերություններ, կփորձենք անդրադառնալ դրանց:
Վաղ եկեղեցում կիրառված մկրտության վերաբերյալ առաջին տեղեկությունները մեզ փոխանցում են Ղուկաս Ավետարանիչը Գործք առաքելոցում, Պողոս առաքյալը որոշ նամակներում և վաղ Եկեղեցու նշանավոր մի շարք եկեղեցական հայրեր: Նոր Կտակարանի վկայությունները մկրտության իրականացման և գաղափարի շուրջ փոխանցում են հետևյալ հիմնական կետերը.
1. Մկրտությունը պարտադիր էր նախկին մեղքեր թողության համար:
2. Մկրտությունը Եկեղեցու անդամ դառնալու պարտադիր պայման էր:
3. Մկրտությունը Քրիստսին հետևելու՝ քրիստոնյա լինելու կարևոր պայման է:
4. Փրկությունն առանց մկրտության անմատչելի է:
5. Մկրտությունը որոշ դեպքերում միջոց էր Սուրբ Հոգին կամ շնորհներ ստանալու համար
6. Մկրտության կատարման համար կարևոր պարագա էր ջուրը:
Նաև նշենք, որ՝ ըստ Եկեղեցու ընկալման, մկրտության ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, ընկղմվելը, թաղվելը, և ջրից ելնելը, Նրա հետ հարություն առած նոր կյանք սկսելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Մկրտության սուրբ խորհրդի հետ կատարում է նաև Դրոշմի (այս պատճառով հաճախ Մկրտությունն անվանվում է «Կնունք»), Վերջին օծման և առաջին անգամյա Հաղորդության ու Ապաշխարության խորհուրդները: Այսինքն՝ Մկրտությունը և Դրոշմը Հիսուսի փրկագործությամբ հաստատված աստվածային խորհուրդներ են և առանձին մասերն են մի ընդհանուր ծեսի (կրոնական արարողության), որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում:
Կնունքը անհատի՝ որպես ազգային անհատի, որպես բնականորեն տրված, որոշակի ծագումնաբանական որակի հաստատումի, օծումի խորհուրդ է պարունակում:
Դրոշմի խորհուրդը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մեռոնով օծելով, դրոշմում (կնքում) է մկրտվածի մարմնի տասներեք մասերը.
1. ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք,
2. աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար,
3. ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար,
4. հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար,
5. բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար,
6. ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար,
7. սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար,
8. թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար,
9. ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար:
Նյութի աղբյուրը
«Եվ Նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին և օծեց մեզ, Աստված է, որ մեզ կնքեց էլ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ» (Բ Կորնթ. Ա 21-22):
Դրոշմի խորհուրդը
Մկրտության մաքրագործող խորհրդին հաջորդում է Դրոշմի շնորհաբաշխ խորհուրդը: Եվ եթե մկրտությամբ շեշտը դրվում է առավելապես մարդու մաքրագործման վրա, ապա դրոշմի խորհրդով` հավատքի մեջ զորանալու: Այս խորհուրդը Սուրբ Հոգու նորոգիչ շնորհների ընդունման համար է: Ստանալով աստվածային շնորհները` մարդը զորանում է հոգով, և անտեսանելի զրահներով ու զենքերով սպառազինվում ընդդեմ չարի հարձակումների:
«Գործք Առաքելոց»-ը վկայում է, որ առաքյալները մկրտվողների վրա ձեռք էին դնում, և վերջիններս այդպիսով ստանում էին Սուրբ Հոգու պարգևները (Գործք Ը 16-18): Սակայն երբ հավատացյալների բազմությունն առավել մեծացավ, և երբ քրիստոնյա համայնքները ընդարձակվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, առաքյալներն այլևս չէին կարող անձնապես յուրաքանչյուր մկրտվողի վրա ձեռք դնել: Եվ որպեսզի մկրտվողները չզրկվեն Սուրբ Հոգու կեցուցիչ պարգևներից, առաքյալները ձեռնադրության արարողությունը փոխարինեցին յուղով օծելու` Դրոշմի խորհրդով: Կարգադրեցին նաև, որ օծումը կատարեն երեցները:
Յուղով օծումը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակ: Սակայն միայն Հիսուսի մարդեղությամբ` Օծյալի գալստյամբ այն կատարելապես իմաստավորվեց և դարձավ աստվածային: Միով բանիվ` Դրոշմը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա:
Դրոշմի նյութը
Դրոշմի խորհուրդը կատարվում է սրբալույս Մյուռոնով: Մյուռոնը հունարեն բառ է, որը նշանակում է անուշահոտ յուղ: Նրա գլխավոր բաղադրիչը ձիթենու յուղն է` ձեթը, որին խառնում են նաև 40-ից ավելի անուշահոտ նյութեր, որոնցից գլխավորը բալասանն է: Մեր Եկեղեցում Ս. Մյուռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը վերապահված է Կաթողիկոսին: Մյուռոնի աստվածաբանական իմաստն արտահայտված է նրա օրհնության աղոթքում, մասնավորապես հետևյալ հատվածում.
«Արդ, Դու նույն Ինքդ Տեր մեր Աստված,
խոնարհվելով դեպի Քո ծառաների աղաչանքները`
առաքիր Քո առատ ողորմությունը
այս ձիթենու պտղի մեջ,
որ մարդկանց ազգի փրկության
ու օգտակարության համար տվեցիր,
և բնակեցրու մեր մեջ սուրբ ու Բարերար Հոգուդ
շնորհները` ի գործակցություն և ի լրումն
Քո սուրբ խորհուրդների…»:
Դրոշմի կատարման կարգը
Հայոց Եկեղեցին մկրտության և դրոշմի խորհուրդները կատարում է միաժամանակ, որպեսզի մկրտության մաքրագործումից հետո անմիջապես ստանանք աստվածային շնորհները: Եկեղեցին դրոշմի խորհուրդը միացրել է մկրտության խորհրդին` նկատի ունենալով Քրիստոսի օրինակը: Երբ Նա սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում մկրտվելուց հետո ջրից դուրս եկավ, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա, և երկնքից ձայն լսվեց, որն ասում էր.«Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. Գ 17): Եվ սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ, երբ Արածանի գետում մկրտում էր հայոց ազգին, միաժամանակ օծում էր սուրբ մեռոնով, ինչպես վկայում է Ագաթանգեղոսը:
Դրոշմի խորհուրդը կոչում ենք նաև Կնունք, քանի որ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմնի համապատասխան մասերը` զգայարանները:
Քահանան իր մեռոնաբաշխ մատով կնքում է մեր ճակատը և ասում.«Յուղն անուշ, Հիսուս Քրիստոսի անունով հեղվելով քեզ վրա, թող լինի երկնավոր անապական պարգևների կնիքը»: Այնուհետև ձեռքը սահեցնելով մեր աչքերի վրայով` ասում է. «Հիսուս Քրիստոսի անունով դրոշմվող կնիքս այս թող լուսավորի քո աչքերը, որպեսզի երբեք հավիտենական մահով չննջես»: Հետո դրոշմում է մկրտվողի ականջներն ու ասում. «Օծումն այս սրբության թող լինի քեզ լսողություն աստվածային պատվիրանների համար»: Հոտառության զգայարանը հաջորդն է այս շարքում. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար հոտ անուշության, որը կառաջնորդի քեզ կյանքից դեպի կյանք»: Հաջորդում են շուրթերը. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար պահպանություն բերանի և ամուր փական քո շրթունքներին»: Հետո ձեռքերն են դրոշմվում. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս բարիք գործելու պատճառ թող լինի քեզ համար` գործով և վարքով հնարավորին չափ առաքինություններ կատարելու»: Այնուհետև դրոշմվում է կուրծքը (սրտի մոտ). «Կնիքս աստվածային թող սուրբ սիրտ հաստատի և ուղիղ հոգի նորոգի քո մեջ»: Թիկունքն օծելիս հետևյալ խոսքերն է ասվում. «Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար ամրության վահան, որով կկարողանաս հանգցնել չաիր արձակած բոլոր մխացող նետերը»: Եվ ամենվերջում ոտքերն են դրոշմվում. «Կնիքն այս աստվածային թող ուղղի քո ընթացքը դեպի հավիտենական կյանք, որպեսզի երբեք չսասանվես»:
Ուրեմն, Դրոշմը հաստատության խորհուրդ է, որ տրվում է մարդուն` զորացնելու և արիացնելու համար: Մարդը հաստատվում է Աստծո մեջ, դառնում Սուրբ Հոգու տաճար և ժառանգորդ Երկնքի Արքայության:
Ամփոփում
Հոգևորականի կողմից մյուռոնով դաջված այս խաչանիշ կնիքն անփոխարինելի է: Այն սովորեցնում է մեզ արժևորել մեր բոլոր զգայարանները: Եթե փորձենք հոգալ մեր զգայարաններից յուրաքանչյուրի մասին առանձին, ապա առավել հեշտորեն կկարողանանք մաքուր պահել մեր անձը: Այս է հիշեցնում մանավանդ սուրբ Եփրեմ Խուրի Ասորին իր աղոթքներից մեկում. «Լռեցրու, Տեր, իմ շուրթերը բամբասելուց, լեզուս` չար խոսելուց, աչքերս` թյուր հայացքից, ականջներս` չար լուր լսելուց, ձեռքերս` հափշտակելուց, ոտքերս` անառակ ընթացքից: Եվ բոլոր անդամներս պարսպիր, զգաստացրու միշտ Քեզ հաճելին կատարելու»:
Նորադարձ քրիստոնյայի համար դրոշմի խորհուրդն իր հոգեգալուստն է: Ինչպես առաքյալների վրա հոգեգալուստը հրե լեզուների տեսքով եղավ, այսօր էլ այդ խորհուրդը մեզ ներկայանում է մյուռոնի անուշահոտ յուղով: Դրոշմի խորհուրդը ևս անկրկնելի է, ինչպես Մկրտությունը:
Մկրտության, Դրոշմի խորհուրդներից հետո ծիսակատար հոգևորականը մեզ արժանացնում է ընդունել Եկեղեցու յոթ խորհուրդներից ևս մեկը` Հաղորդության խորհուրդը:
Այսպիսով, Դրոշմի խորհրդով մարդը ստանում է նոր կյանքի աստվածային կնիքները` Սուրբ Հոգու ընդունման նշանները: Եվ միայն կնքվելուց հետո է մարդը դառնում քրիստոնյա, այսինքն` օծված, և ընծայվելով Սուրբ Հոգուն` որդեգրվում է Հայր Աստծուն:
Խաղաղություն քեզ, փրկյալդ Աստծո,
Խաղաղություն քեզ, օծյալդ Աստծո:
Աղբյուրը՝ հղումով
Քահանան (երիցս) հարցնում է կնքահորը. Այս երախան ի՞նչ է ցանկանում:
Կնքահայրը (երիցս) պատասխանում է. Հավատք, հույս, սեր և մկրտություն:
«Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»:
(Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)
Կյանքում շատերս կարևորում ենք մեր ծննդյան օրը և հաճախ մեծ շուքով տոնում: Իսկ եթե նույնիսկ կարևորություն չենք տալիս այդ իրադարձությանը, միևնույն է, ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում մտածելու մեր աշխարհ գալու մասին: Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որ ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում: Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է մեր հոգևոր ծնունդը, որը կոչում ենք մկրտություն:
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Մկրտության օրինակը տվել է Ինքը Քրիստոս: Հիսուսի մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբազան երկյուղով մոտենալ այդ վեհ խորհըրդին: Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայություն մտնել (Հովհ. Գ 5): Տերը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկությանը, իսկ այժմ նույն ջրով նոր կյանք է պարգևում:
Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծու պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ եղավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտայինկյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և դատապարտվի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակելու: Այդ անհնազանդությունը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծու միջև, ինչպես նաև հոգու և մարմնի, որով և մարդու բնությունը շնորհազրկվեց:
Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հիսուս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16):
Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն:
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԿՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ: Հրաժարվել չարից ու նրա բոլոր գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը: Ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: Այսինքն՝ մկրտվելուց առաջ պետք է անցնել որոշակի նախապատրաստական շրջան: Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20):
Մարդիկ հաճախ հարց են տալիս. «Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»:
Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծուն որդեգիր դարձած և Աստծու խնամքին հանձնված, քանի որ մկրտության շնորհիվ ո՛չ միայն մարդկային հոգածությամբ ենք կյանքի փորձություններին դիմակայում, այլև աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է: Այսու պետք է մկրտվող երեխան ունենա իր կնքահայրը: Վերջինս էլ պարտավոր է լինել մկրտված և ունենալ հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծու պատվիրանների համաձայն դաստիարակի փոքրիկին:
Երբեմն մարդիկ ասում են, որ իրենք մկրտվելիս չեն զգացել, թե ինչ է կատարվել, չեն զգացել, որ այդ մկրտությամբ իրենք դարձել են Աստծու որդեգիր, և ընդհանրապես մկրտության խորհուրդը կատարվելիս չեն գիտակցել Աստծու ներկայությունը: Սակայն մարդն ավելի շուտ պիտի մտածի, որ ոչ թե Աստված է, որ ներկա չի գտնվել այդ խորհրդի ժամանակ, այլ մարդն է, որ իր տկար հոգեվիճակի մեջ չի զգացել Աստծու ներկայությունը: Եկեղեցին իր վարդապետությամբ հաստատում է, որ ամեն մի խորհուրդ կատարվում է Քրիստոսի ձեռքով և օրհնությամբ է լցնում այն ընդունողներին՝ անկախ խորհրդակատար անձից, ինչպես նաև անկախ ընդունողից: Քրիստոսի Եկեղեցին միշտ էլ աշխատել է, որպեսզի խորհրդակատարման երկու կողմերն էլ բավարար պատրաստությունն ունենան՝ այն մատուցելու և ընդունելու:
Ուստի հավատա՛, որ եթե մկրտվես, Աստված քեզ պիտի օրհնի, իսկ եթե մկրտված ես, ուրեմն աշխատի՛ր սրբությամբ պահել շնորհաբաշխ մկրտության սուրբ խորհրդի պարգևները, այլապես գանձ ունենալն ու անտեսելն առավել վտանգավոր է, քան ընդհանրապես չունենալը:
ԱՄՓՈՓՈՒՄ
Մկրտութան խորհրդի կատարման համար Եկեղեցին կարևորում է հետևյալ անհրաժեշտ հանգամանքները.
1. Միշտ հիշի՛ր, որ մկրտության սուրբ խորհուրդը հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, անձամբ մկրտվելով սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում:
2. Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից: Մկրտությունն ընդունող երախան (այսպես են կոչում չմկրտվածին, որը պատրաստվում է մկրտության) դառնում է Աստծու որդեգիր: Նա արդեն Քրիստոսին իր անձի վրա կրում է որպես աներևույթ և զորավոր մի զգեստ:
3. Մկրտությունը պետք չէ դիտել որպես ազգային սովորություն կամ էլ զվարճության ու կերուխումի առիթ, այլ պետք է առաջին հերթին լրջորեն պատրաստվել այն ընդունելու համար:
4. Մկրտության վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել:
5. Մկրտության նյութը ջուրն է, անկախ իր տեսակից (աղբյուրի, գետի թե ծովի) և որակից (պղտոր թե հստակ):
6. Մկրտության ժամանակ մանուկ երախան հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես երեսի լվացում է տեղի ունենում: Հետևաբար ճիշտ կլինի, եթե մկրտվողը մաքուր լինի աշխարհային քսուքներից և դիմափոշիներից:
7. Մկրտությունից առաջ կնքահայր ենք ընտրում: Հաճախ, չկարևորելով կնքահոր պարագան, ընտրում ենք պատահական մեկին՝ լրացնելով ծեսի միայն ձևական կողմը: Սակայն խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել մեզ: Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ:
8. Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի: Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ:
9. Մկրտության խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտություն կատարելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին:
10. Պետք է իմանալ, որ արգելվում է կրկնամկրտությունը, որովհետև մարդը մեկ անգամ է ծնվում, և քանի որ մկրտությունն իր մեջ ծննդյան խորհուրդն ունի, ուստի մեկ անգամ էլ մկրտվում է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատք, մե՛կ մկրտություն»,- ասում է Պողոս առաքյալը (Եփես. Դ 5):
11. Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ: Որևէ մեկը մկրտվելով կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ:
12. Մկրտությունից առաջ մեզ մոտ պետք է ունենանք խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը) և փոքրիկ սրբիչ, որն անհրաժեշտ է լվացած դեմքը սրբելու համար: Ընդունված է այդ սրբիչը սրբությամբ պահել:
13. Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին:
14. Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:
15. Մկրտվողը մեկընդմիշտ դառնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին մասն է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու, հետևաբար, եթե որևէ մեկը մկրտվել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցում, ուրեմն Հայ Եկեղեցու անդամ է և պարտավոր է գեթ իր աղոթքներով սատար կանգնել այդ Եկեղեցուն:
16. Հայ Առաքելական Ս. Եկեղեցում մկրտված անձը չի կարող վերամկրտվել մեկ այլ եկեղեցում:
17. Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը:
18. Մկրտության խորհրդին անմիջապես հաջորդում է Դրոշմի խորհուրդը:
Այսպիսով, եթե քո մեջ հասունացել է հոգևոր վերածննդի պահը, մի՛ երկմտիր, հավատա՛ Աստծու առաջնորդությանը և գնա՛ Եկեղեցի: Կնքի՛ր հաշտության այդ դաշինքը, որը կենսորոշ ու վճռական է մեզանից յուրաքանչյուրի համար:
Տե՛ր, աղաչում եմ Քեզ, օգնիր ինձ՝ մեղավորիս, հասկանալու Քո գաղտնիքները:
Բացի՛ր իմ աչքերը՝ տեսնելու Քո անտեսանելի Խորհուրդները,
Եվ ուժ տուր ինձ՝ ծնվելու մկրտության սուրբ ավազանից։
Ամեն: